Չորս բրիտանացիներ խոստովանել են, որ Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) պայթյուն են կազմակերպել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Խոստովանությունը հնչել է փերվարի 1-ին, Լոնդոնի Վուլվիչ թագավորական դատարանում:
Կասկածյալներ Մուհամեդ Չոուդհուրին, Շահ Ռահմանը, Գուրուկանթ Դեսային և Աբդուլ Միահը, ըստ դատախազության, ցանկացել են պայթյուն իրականացնել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի այլ կարևոր օբյեկտներում ևս: Ձերբակալվածներից մեկի տանը հայտնաբերվել են հասցեների գրառումներ, որտեղ բացի բորսայից, նշված էին նաև Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի տան, ԱՄՆ դեսպանատան և երկու ռաբիների հասցեներ:
Բացի այդ, Sky News-ի տվյալներով, ոստիկանությունը Ռահմանի տանը հայտնաբերել է «Ալ-Քաիդայի» «Ներշնչանք» (Inspire) պարբերականը, որտեղ հրապարակված էր «Պատրաստի՛ր ռումբ մայրիկի խոհանոցում» վերնագրով հոդված:
Համաձայն դատախազության նյութերի՝ կասկածյալները դեռևս չէին հասցրել պատրաստել պայթուցիկ սարքերը. միայն որոշել էին, թե ինչպես են տեղի ունենալու պայթյունները: Ենթադրվում է, որ նրանք փորձել են կրկնել 2008 թվականի Մումբայի ահաբեկչության սցենարը:
Նույն դատական նիստի ընթացքում ևս հինգ բրիտանացիներ, որոնց ներկայացված են նմանատիպ մեղադրանքներ, խոստովանել են, որ կապ են ունեցել ահաբեկչության կազմակերպման հետ: Նախապես նրանք բոլորը հերքում էին մեղադրանքները: Կասկածյալների նկատմամբ վճիռը կայացվելու է հաջորդ շաբաթ:
Ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող ինը բրիտանացիներ ձերբակալվել էին Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում իրականացված ստուգումների արդյունքում: Ըստ Բրիտանիայի ոստիկանության՝ սա վերջին երկու տարվա ընթացքում իրականացված ամենախոշոր միջոցառումն է:










































