Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը պաշտոնական պատասխան է ուղարկել Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտնում է 1news.az-ը:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ը հանձնարարել էր ԵՄ-ի ներկայացուցչությանը ճշտել Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբայի` Ղարաբաղ կատարած այցի մասին հայաստանյան ԶԼՄ-ների տեղեկությունները: Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը` մեկնաբանելով հայաստանյան գործակալությունների տարածած տեղեկությունները Եվրախորհրդարանի պատգամավորների` ԼՂ այցելության մասին տեղեկությունը:
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը պաշտոնական բողոքի նոտա էր հղել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությանը և Ադրբեջանում Լեհաստանի դեսպանին:
Ինչպես հայտնում է գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությանը, պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ միասնական արտաքին և պաշտպանական քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը տեղեկացված չի եղել Տոմաշ Պորեբայի այցի ծրագրին և նպատակներին: «ԵՄ-ն հարգում է տարածքային ամբողջականության սկզբունքը և կարծում է, որ ցանկացած պետության տարածք այցելությունը պետք է իրականացվի միջազգային իրավունքի հիման վրա և տվյալ երկրի հետ համագործակցության շրջանակներում»,- ասվում է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ: