Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին անդրադարձել է հունվարի 30-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ԱՄՆ-ի և Վրաստանի նախագահներ Բարաք Օբամայի ու Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպմանը՝ դա որակելով որպես «Վրաստանին հասցեագրված վիրավորանք».
«Սաակաշվիլիի հասցեին Օբամայի արած գովասանքները չափազանց վիրավորական են Վրաստանի ու վրաց ժողովրդի համար: Դա ապացուցում է, որ Վրաստանի ճակատագիրը վճռվում է Վաշինգտոնում:
Դա ապացուցում է, որ մենք ոչ միայն գաղութ ենք, այլև ԱՄՆ-ի կոլեկտիվ ստրուկները: Դա նշանակում է, որ իշխանությունը շարունակելու են պահպանել Սաակաշվիլին ու նրա հակաժողովրդական, ամերիկամետ խամաճիկային ուժերը, ինչն իր հերթին նշանակում է ընտրությունների զանգվածային կեղծում:
ԱՄՆ-ի կողմից Վրաստանին խոստացված ազատ առևտուրն ամերիկյան շուկա դուրս կբերի միայն Սաակաշվիլիի կլանի միլիոնատերերին, իսկ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգտման աջակցումը նշանակում է Վրաստանի համար ուղիղ ճանապարհ հարթել դեպի աշխարհաքաղաքական մսաղաց և Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերջնական կորուստ: Օբաման անգամ չհիշատակեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի օկուպացված լինելը»: