«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը և ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ
Պետրոս Մակեյանը:
Ռաֆիկ Պետրոսյանը անդրադարձավ ՀՀԿ համամասնական ցուցակում տարբեր քաղաքական գործիչների ներգրավման հարցին և նկատեց, որ շատերն են ձգտում ընդգրկվել ՀՀԿ ցուցակում, և հնարավոր է՝ ՀՀԿ-ն կարիք ունենա քաղաքական, տնտեսական, իրավաբանական գիտելիքներ ունեցող մարդկանց:
«Գեղամյանը ԵԽԽՎ-ում պետության օգտին ելույթներ է ունենում»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Առաջին լրատվական»-ի հարցին` ՀՀԿ-ն միջազգային կառույցներում ելույթ ունեցող չունի՞, որ այդ «արժանիքի» համար Գեղամյանին է ներգրավում ՀՀԿ ցուցակում, Ռ. Պետրոսյանը նկատեց՝ չի խանգարի ամրապնդելը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չկան:
Նա անդրադարձավ նաև օրերս ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը և նշեց. «Օսկանյանը գալիս է ՀՀ նախկին նախագահի կողմից, և այդպես էլ ընկալվում է մեր կողմից: Բայց օրերս տեղի ունեցած կոալիցիոն հանդիպումից երևաց, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միասնական են, և «փոր թափելու» քաղաքականություն չկա: Եվ դեռ պարզ էլ չէ՝ Օսկանյանը կլինի՞ ԲՀԿ ցուցակում, թե՞ ոչ»:
Պետրոս Մակեյանը անդրադառնալով Օսկանյանի հայտարարությանը՝ նկատեց, որ 2008թ.մարտի մեկից հետո թվում էր, թե իշխանությունները հետևություններ կանեն, բայց այսօրվա իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք որևէ հետևություն չեն արել` կոռուպցիան չի պակասել, հասարակության կենսամակարդակը վատացել է:
«Այս արգումենտներով ինչպե՞ս կարող են կոալիցիոն ուժերը հասարակության վստահությանն արժանանալ: Այդ պատճառով Մարտի մեկի պատասխանատուներից մեկի` Ռոբերտ Քոչարյանի խոսնակի միջոցով նման հայտարարություն է հնչում: Օսկանյանն այս երկրին ամենամեծ վտանգ ներկայացնող և ամենամեծ վնաս հասցրած գործիչն է»,- հայտարարեց Պետրոս Մակեյանը:
Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի՝ ՀՀԿ-ն կեղծիքների կարիք չունի: «Առաջիկա ընտրություններին չեն լինելու ծեծուջարդ, քվեատուփեր գողանալ»,- հավաստիացրեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Պ. Մակեյանը հակադարձեց. «Իշխանությունը հին երգն է երգում, թե կեղծիքներ չեն լինելու, գլուխ չեն կոտրելու… Եթե ընդդիմությունը հասարակությանը կարողանա համոզել, որ այս ընտրությունը սահմանադրական կարգը վերադարձնելու փորձ է, ապա արդյունքներ կլինեն:
Երկրում իրավիճակ պետք է փոխի ՀԱԿ-ը: Այո, մեզ մոտ` ՀԱԿ քաղխորհրդում քննարկել ենք հարցը` եթե կեղծվեն ընտրությունները` արժե ՞ վերցնել մանդատները: Կարծում եմ՝ ընտրությունները կեղծվելու դեպքում ՀԱԿ-ը հնարավորություն ունի ժողովրդին հանելու, և նրանք այլևս տուն չեն գնա»:
Խոսելով ՀՀԿ ցուցակի ձևավորման մասին՝ Ռ.Պետրոսյանը նկատեց. կանայք մեխանիկորեն կավելանան, ցուցակում կլինեն նոր դեմքեր` երիտասարդներ և փորձ ունեցող գործիչներ:
Պ. Մակեյանը նշեց, որ կուսակցությունը հունվարի 17-ի քննարկմանը եկել է այն հետևության, որ այս ընտրությունները պետք է լինեն սահմանադրական կարգի վերականգնման մեկնարկ. «Կապ չունի՝ Պետրոս Մակեյանը առաջինը կլինի, թե վերջինը: Այսօր նորմալ քննարկում է ընթանում»,- նկատեց Մակեյանը:
Նա չցանկացավ մեկնաբանել Արամ Մանուկյանի` համամասնական ցուցակում չպետք է լինեն դավաճաններ հայտարարությունը` հավելելով, որ մարդը «էմոցիաների մեջ մի բան ասել է…»:










































