Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Նոր տարին հայոց մեջ» թեմայով. «Ամանորը տոնական համալիրի ամենակայուն, ավանդույթների տարրեր պահպանող տոնական համալիրն է, որը առավել լավ է պահպանված՝ համեմատած մյուս տոների: Հայերը Նոր տարին սկսել են նշել 18-րդ դարից, իսկ մինչ այդ Ամանորը նշել են գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն ու վերջն ազդարարող ամիսներին: Իսկ հունվարի 1-ին նշելու համակարգը կապված է հուլյան տոմարի հետ, որը շարք է մտել ք.ա. 45թ. Հուլիոս Կեսարի կողմից: Տոնական արարողակարգը հիմնականում ուղղված էր մի շարք ծիսական սովորույթներին, որոնցից ամենատարածվածները տան, բնակարանի, բակի մաքրման աշխատանքներն էին, նաև մարդու հոգին և մարմինն էր մաքրագործվում, և բոլորը ձգտում էին նոր զգեստ կրել: Նորի ընկալումը կապված էր տարվա հաջող սկզբի հետ»:
Ազգագրագետը կարևորեց նաև այն, որ անցյալում տոնածիսական ուտեստի հիմնական բաղադրիչները պայմանավորված էին բուսական, հատկապես հատիկային կերերով. «Ընտրում էին յոթ տեսակի հատիկներ (լոբի, սիսեռ, ոսպ և այլն), պատրաստում էին նաև մայրամաճաշ, կարևորություն էր տրվում նաև մրգերին, դարձյալ յոթ տեսակի: Հետաքրքիր է 7-ի գաղափարը. մեզ մոտ այն խորհրդանշական է, որն ունի բազմաթիվ պատրճառաբանություններ, ոմանք այն կապում էին յոթ աստվածությունների հետ»: