«Երեկ պարզվեց, որ Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանը գնելու է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մինչդեռ հայտնի էր, որ բնակարանը գնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ըստ լավատեղյակ աղբյուրների` Սերժ Սարգսյանն է ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանից պահանջել՝ հրաժարվել Թումանյանի թբիլիսյան տունը գնելու ծրագրից: Սարգսյանն իր այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ չի կարելի Թումանյանի անունը դարձնել նախընտրական քարոզչության առարկա` իր հերթին խոստանալով գնումն այնպես կազմակերպել, որ դա չդիտվի որպես PR՝ ՀՀԿ-ի օգտին:
Իշխանական մեր աղբյուրները պարզաբանում են նաև, թե ինչու է տվյալ հարցի լուծումը դրվել հենց Վարդան Ղուկասյանի վրա: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը այսպիսով պատժում է Գյումրիի քաղաքապետին` «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի հետ կապված անիմաստ սկանդալից խուսափել չկարողանալու համար:
Հիշեցնենք, որ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցի օրերին Ղուկասյանը իր հյուրանոցի բացումն արեց, ինչը վատ արձագանք գտավ գյումրեցիների և ընդհանրապես հայաստանցիների շրջանում»: