ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ խնդիրները հնարավոր է լուծել միայն այն ժամանակ, եթե Փխենյանը բարելավի հարաբերությունները Հարավային Կորեայի հետ:
Associated Press-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Քըրթ Քամբելը լրագրողներին այսօր հայտնել է, որ Վաշինգտոնը դեռևս սպասում է՝ համոզվելու համար, թե արդյոք Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդը պատրա՞ստ է ձեռք առնել անհրաժեշտ քայլերը, թե՞ ոչ:
Այս մեկնաբանություններն ուղղված էին միաժամանակ և՛ Հարավային Կորեային, և՛ Հյուսիսային: Մինչդեռ Քամբելն ասել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ սկսել Հյուսիսային Կորեայի հետ: Նա նաև հստակեցրել էր, որ Հարավային Կորեային պետք է բավարարի Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը, եթե դիվանագիտությունը սկսի զարգանալ:
Հյուսիսային Կորեան երդվել էր գործ չունենալ Հարավային Կորեայի ներկայիս կառավարության հետ, բայց նաև ասել` պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ: