2011թ. հայաստանյան ճանապարհներին արդեն կգործարկվեն նկարահանող տեսախցիկները: «2011-ին մենք կունենանք այն, ինչ երազում էինք այսքան տարիներ: Տեսուչ-վարորդ շփումները վերանալու են, տեխնիկան է աշխատելու: Էլ ոչ ինձ կզանգեն, ոչ էլ մեկ ուրիշին»,- տեղեկացրեց ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը:
Նրա խոսքով, ճանապարհային ոստիկանն այլևս տեղում խախտում կատարած վարորդից որպես վարչական տույժ գումար չի վերցնելու, այլ գործելու են պոստտերմինալներ և հատուկ քարտեր, որոնցով էլ վճարվելու են տուգանքները:
Օհանյանը նաև շեշտեց, որ այսօր արդեն մեզանում պակասել են դիտավորյալ խախտումներ անողները. «Դիտավորյալ խախտում անողներ չկան, այլևս իրենց լավ տղու տեղ չեն դնում և կարմիրի տակով անցնում»:
Սակայն, այդուամենայնիվ, ըստ Օհանյանի, մարզերում դեռևս խնդիրներ կան և խախտումներն էլ չեն պակասել: Նրա խոսքով, 2011-ին աշխատելու են պահպանել եղածը, ինչպես նաև բարեփոխումներ իրականացնել մարզերում: