CNN-ը վերլուծություն է ներկայացրել հաջորդ տարվա ամենաթեժ զբոսաշրջային ուղղությունների վերաբերյալ: Ըստ հեռուստաընկերության՝ 2011թ. Նյու Յորքը կդառնա զբոսաշրջային հոսքերի համաշխարհային կենտրոն:
Այս կանխատեսումը հիմնված է այն բանի վրա, որ 2011թ. սեպտեմբերի 11-ին լրանում է ամենաարյունալի ահաբեկչական ակտի 10 տարին, երբ մահապարտ ահաբեկիչները առևանգած ինքնաթիռներով մխրճվեցին Համաշխարհային առևտրական կենտրոնի զույգ երկնաքերերի մեջ:
Ողբերգության վայրում՝ Ներքին Մանհեթենում, որտեղ հիմա գտնվում է «գրաունդ զիրոն», հուշատախտակ կբացվի ավելի քան 3000 զովածների անուններով, և, ինչպես սպասվում է, այս վայրը կդառնա ուխտատեղի:
Որպես զբոսաշրջային ամենաթեժ ուղղություն երկրորդը նշվում է Նոր Զելանդիան: Համեմատաբար ոչ մեծ տարածք ունեցող այս երկիրն ունի անաղարտ բնություն և յուրահատուկ կլիմա. մեկ շաբաթվա ընթացքում կարելի է այցելել և՛ մերձարևադարձային շրջաններ, և՛ խստաշունչ ալպիական լեռներ: Հարուստ բնություն ունեցող այս երկրի հանդեպ ուշադրությունն էլ ավելի կուժեղացնի ռեգբիի աշխարհի առաջնությունը:
Ամենագրավիչ ուղղությունների եռյակը եզրափակում է Պերուն: Մասնագետները կարծում են, որ Ամազոնիան, որը զարմացնում է իր ֆլորայով և ֆաունայով, հետաքրքրության ամենաթեժ վայրերից մեկը կդառնա, պայմանավորված այն բանով, որ Պերուի հսկայածավալ տարածքում կան միլիոնից ավելի բուսատեսակներ, կենդանիներ, թռչուններ և միջատներ, որոնց մեծ մասն անհայտ է գիտությանն ու ուսումնասիրված չէ: Այս գետի ավազանը հաճախ անվանում են համաշխարհային գենետիկական ֆոնդ:
Զբոսաշրջիկների հոսքերը նույն ինտենսիվությամբ «կգրոհեն» իսպանական Բարսելոնը:
Ճանապարհորդների համար ամենագրավիչ վայրերի ցանկում են շարունակում մնալ Նորվեգիան, Ճապոնիան, Գվատեմալան: Իսկ նրանք, որոնց համար այս երկրները թանկ են, կարող են այցելել Բուլղարիա և Ալբանիա, որոնք նույնպես 2011թ. կդառնան զբոսաշրջային հոսքերի կենտրոններ: