РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է Վրաստանի հետ ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Երեկ Սպիտակ տանը կայացած այդ հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել է, որ այդպիսի համաձայնագրի կնքումը հնարավոր է:
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման մասին բանակցություններն ակտիվացել են 2008 թվականի աշնանից՝ ռուս-վրացական պատերազմից հետո: Մինչև 2008 թվականը ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում էր 580 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին էլ ԵՄ-ն ազդարարելու է Վրաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ սկսելու մասին: