Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ մինչև խորհրդարանի ընտրություն երկրորդ նախագահն ասելիք կունենա անպայման և հանդես կգա հայտարարությամբ: Իսկ երեկ արդեն հայտարարությամբ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, «ոչ պաշտոնական» գրասենյակի «ներկայացուցիչ», նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» քաղաքացիական հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը: Նա հավանական է համարել, որ կներգրավվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում, և հայտարարել է, որ ներքաղաքական զարգացումները կարող են արագացնել իր վերջնական որոշումը, որն այս պահին դեռ չկա:
Այդպիսով, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրության համապատկերում ինչ-որ արշավ է սկսում: Հարցն այն է, թե ինչն է այդ արշավի իմաստը, կամ ինչ է այդ արշավն ընդհանրապես, ինչի համար է, ինչի դեմ: Ըստ երևույթին Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ դեռ չի որոշել իր արշավի իմաստը, բնույթը կամ նպատակը: Շատ ավելի հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես օգտագործում է քաղաքական հարմար պահը: Օգտագործում է ներքաղաքական կոնֆիգուրացիայում իր տեղը չկորցնելու համար, ինչի վտանգը կարող է առաջանալ, եթե նա ընդհանրապես որևէ կերպ իր մասին չհիշեցնի խորհրդարանի ընտրության ներկայիս փուլում: Հնարավոր է, որ ավելիին պարզապես Ռոբերտ Քոչարյանն այս պահին ունակ չէ՝ չունենալով էական հասարակական ռեսուրս, չունենալով նաև զգալի արտաքին աջակցություն: Անգամ Ռոբերտ Քոչարյանի ներիշխանական աջակցության մասով իրավիճակը նրա համար երևի թե հեռանկարային չէ, քանի որ անցած երեք-չորս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը կարողացավ հավասարակշռել բավական հեղհեղուկ վիճակն ու այդպիսով ինչ-որ կերպ մեղմել Քոչարյանի ժամանակաշրջանի հանդեպ կարոտախտը, որ կարող էր ձևավորվել իշխանական դաշտում:
Իհարկե, այժմ էլ կան անկասկած շրջանակներ, որոնք երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում իրենց լավ էին զգում ավելի, քան այժմ: Կան գուցե շրջանակներ էլ, որոնք իրենց այժմ ընդհանրապես լավ չեն զգում: Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին կարծես թե հաջողվել է ձևավորել ներիշխանական այնպիսի մի դասավորություն, որ այդ շրջանակները հայտնվել են վճռորոշ ազդեցության գոտուց դուրս և այժմ էական դեր չեն խաղում, եթե իհարկե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ: Այդ պայմաններում Ռոբերտ Քոչարյանին մնում է ընդամենը պահել եղածը, մինչև որ կգան առավել նպաստավոր ժամանակներ, երբ նա կկարողանա իր սուղ ռեսուրսներով հավակնել ավելիին: Իսկ առայժմ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը երևի թե պետք է բավարարվի նրանով, որ նախընտրական շրջանում պահն օգտագործի իր մասին առավելագույնս հիշեցնելու համար, որպեսզի հնարավորինս շատ խոսեն իր մասին, իր քաղաքական ծրագրերի մասին, իր ազդեցության մասին:
Սակայն, մյուս կողմից, ակնհայտ է նաև, որ այդ մարտավարությունն իրեն ավելի ու ավելի քիչ է արդարացնելու, եթե Ռոբերտ Քոչարյանը ժամանակի ընթացքում խուսափի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հանդեպ հստակ դիրքորոշում արտահայտելուց, իր իշխանամերձ կամ ընդդիմադիր կեցվածքը հստակ ամրագրելուց և նաև երկրի առաջ կանգնած հիմնախնդիրների վերաբերյալ հստակ մոտեցումներ արտահայտելուց: Իսկ այստեղ արդեն Ռոբերտ Քոչարյանը կանգնում է նոր խնդիրների առջև, որոնք գումարվում են նրա ներքաղաքական ռազմավարության ունեցած խնդիրներին:
Խոսքն այն մասին է, որ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է լինելու հանգամանալից պատասխանել իր պաշտոնավարման ընթացքի բավական լայն հնչեղություն ունեցող տնտեսա-քաղաքական իրադարձությունների մասին հանրային հարցադրումներին՝ սկսած ինչ-որ գործարանների և ձեռնարկությունների մասնավորեցումից, վերջացրած մարտի 1-ով կամ՝ հակառակ հերթագայությամբ: Որքան էլ երկրորդ նախագահը պատրաստված լինի այդ հարցերին պատասխանելու առումով, միևնույն է, նրան բավական դժվարություններ սպասում են: Անգամ Տեր-Պետրոսյանը, որի պաշտոնավարումը աչքի չի ընկել երկրում քրեաօլիգարխիկ ինստիտուցիոնալ համակարգի հաստատմամբ, այլ ընդամենը եղել են դրա սաղմերը, իր նախագահության ընթացքին առնչվող հարցերում հանդիպում է, մեղմ ասած, լուրջ դժվարությունների: Ռոբերտ Քոչարյանն այդ առումով կանգնելու է, թերևս, կրկնակի բարդության առջև:
Այդպիսով, երկրորդ նախագահի քաղաքական ճանապարհները իսկապես բարդ են՝ նա կամ պետք է հստակ և լիարժեք հայտ ներկայացնի, որևէ ներքաղաքական արժեքի կամ կշռի հավակնելու համար, կամ էլ պետք է առավել արագ արժեզրկվի անորոշ հայտարարությունների և ակնարկների վրա հենվելու հետևանքով: Երկրորդ նախագահի դրությունն այդ առումով իսկապես բավական դժվար է: Նրա հույսը, թերևս, մնացել է ստվերային ազդեցությունը, գոնե այս փուլի համար: Սակայն, այդ առումով էլ իշխանության արձագանքը կարծես թե բավական չոր է, որն արտահայտվում է «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ «պատժիչ» գործողություններով: Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում է ցույց տալ, որ ստվերային դաշտում ինքը մտահոգություններ չունի, քանի որ ուժային կառույցներն իր վերահսկողության տակ են: Իսկ ինչպես հայտնի է 1998-ի փորձից, երկրում ստվերային քաղաքականությունն արդյունավետ է միայն այդ կառույցների աջակցությամբ, իսկ առանց դրա՝ նույնիսկ վտանգավոր:
Մյուս կողմից, սակայն, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ընդդիմության համար վտանգավոր է Ռոբերտ Քոչարյանին թերագնահատելը, որովհետև ի վերջո փաստ է նաև այն, որ այս ընթացքում երկրում իրավիճակի բարեփոխման ուղղությամբ չի եղել որևէ էական առաջընթաց, իսկ սոցիալ-տնտեսական առումով էլ հետընթացը ուղղակի ակնառու է: Այնպես որ, այդ խնդիրներն էլ արդեն ոչ թե Քոչարյանի, այլ իշխանության և նույնիսկ ընդդիմության վիճակն են բարդացնում:











































