Грузия Online-ի փոխանցմամբ, Աֆղանստանում գործող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) և ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենն այսօր Թբիլիսիում հանդիպելու է կառավարության անդամների ու բարձրաստիճան զինվորականների հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպումներում քննարկվելու է Աֆղանստանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված խաղաղապահ առաքելության մեջ Վրաստանի ներդրումը:
Բացի այդ, Ջոն Ալենն այցելելու է 23-րդ թեթև հետևակային գումարտակ, որը ներկայումս նախապատրաստվում է Աֆղանստան մեկնելուն:
Հիշեցնենք, որ Վրաստանը ISAF-ի գործողություններում ներգրավվել է 2009 թվականի օգոստոսի 6-ից։ Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ևս մեկ գումարտակ Աֆղանստան ուղարկելու նախաձեռնությունը։
Դրա արդյունքում այս տարի Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների քանակը կհասցվի 1600-ի, որով և Վրաստանը կհանդիսանա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտ ունեցող երկիրը։