Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել Կալիֆոռնիայում տեղի ունեցած Basecamp-ի համաժողովում, որում քննադատել է Ռուսաստանին.
«Վերջին շրջանում Ռուսաստանի բանեցրած ճնշումը զգալի էր: Երբ մենք ժողովրդավարություն էինք կառուցում, ռուսական ճնշումը զգալի էր: Իմ նկատմամբ մահափորձ էր պլանավորվել, իսկ Վլադիմիր Պուտինն անգամ հրապարակավ երդվել էր կախել ինձ: Այս մասին ես իմացա հեռուստատեսային նորություններից: Լավ չէ այդպիսի հայտարարություններ անելը:
Երբ քո գոյության վտանգը սպառնալիքի տակ է, իսկ այդ սպառնալիքը բխում է մեր հյուսիսային մեծ հարևանից, պետք չէ աղմուկ բարձրացնել, թե քեզ նվաճել են: Ընդհակառակը, եկել է գործելու ժամանակը: Կարծում եմ, որ իրական հեղափոխությունը չի սկսվում այն ժամանակ, երբ գալիս ես խորհրդարան ու սկսում ես աղմկել, և ոչ էլ այն ժամանակ, երբ հայտնվում ես գնդակահարվելու վտանգի տակ:
Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիները դուրս են եկել փողոցներ և պաշտպանում են իրենց իրավունքները: Նրանց հետաքրքրում են վրացական բարեփոխումները: Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանում նույնպես անցկացվեն այդպիսի բարեփոխումներ»: