Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը պատերազմի է սպասում, և անցնող 2010 թվականն էլ Պաշտպանության բանակի համար եղել է պատերազմի նախապատրաստման տարի. «Սադրանքի ես չեմ սպասում, ես սպասում եմ պատերազմի»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռ/կ-ն՝ Ստեփանակերտից:
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ստեղծված է պատերազմելու, և ամեն օր, ամեն ժամ սպասում է դրան: Պատերազմ կլինի` կպատերազմի, պատերազմ չի լինի` ուրեմն խաղաղությունը ապահովված կլինի»,- ասել է Մովսես Հակոբյանը: Նախարարի խոսքով, ընթացիկ տարում Պաշտպանության բանակը կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրը՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Նա նշել է, որ բարելավվել է մեկ դիրք. Պաշտպանության բանակը զբաղեցրել է ավելի նպաստավոր դիրք, առաջին գծում բարելավվել են զինվորների պայմանները` կառուցվել են 102 ճաշարաններ, նոր խրամատներ:
Մովսես Հակոբյանը ասել է, որ հայկական կողմը «առաջնագծում միշտ կարողացել է լինել պարտադրողի դերում»: Սակայն նախարարը նաև հավելել է, որ ընդհանուր առմամբ Պաշտպանության բանակի համար տարին ծանր էր. նախորդ տարիների համեմատ հակառակորդի կրակոցները աճել են 53 տոկոսով, Պաշտպանության բանակին հատկապես մտահոգել են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները: «Հակառակորդի ակտիվ գործողությունը առաջնագծում, երկրորդը` բանակի առջև դրված մեծածավալ խնդիրները, երրորդը` ինժեներական մեծածավալ աշխատանքների և նաև տնտեսական ճգնաժամի հետ կապված որոշակի ֆինանսական և նյութական միջոցների սղության պատճառով տարին ծանր էր»,- նշել է Մ.Հակոբյանը:
Նախարարն անդրադարձել է նաև բանակում տեղի ունեցած հանցագործություններին, որոնց թիվը, նրա խոսքով, նվազել է 14 տոկոսով: Այդուհանդերձ, անդրադառնալով վերջին շրջանում հասարակության շրջանում լայն արձագանք ստացած սպանության դեպքերին, Մ.Հակոբյանը նկատել է. «Այս արտառոց դեպքերը պաշտպանության բանակի իմիջի վրա բավականին լուրջ բացասական ազդեցություն են թողել, և բանակի ղեկավար կազմը գիտակցում է իր առջև դրված խնդիրը. մենք պիտի զբաղվենք հասարակության և բանակում զինծառայողների դաստիարակությամբ, որովհետև արտակարգ պատահարներ տեղի են ունենում այնտեղ, որտեղ դրա համար ստեղծված են նպաստավոր պայմաններ: Պիտի իրավիճակը շտկենք` հասկանալով, որ յուրաքանչյուր զինվորի մահ մեր երկրի համար ազգային տրագեդիա է»: