BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարող իրենց ստիպել զիջումների գնալ.
«Իրանը դեմ չէ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելուն։ Սակայն նոր պատժամիջոցներն Իրանին չեն կարող հարկադրել զիջումների գնալ։ Արևմտյան երկրներն իրենց պատժամիջոցների հիմնավորման ժամանակ ի ցույց են դնում բանակցություններից Թեհրանի խուսափելու հանգամանքը։ Սակայն Թեհրանն ընդհանրապես մտադիր չէ խուսափել բանակցություններից։
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և մյուս երկրների սահմանած նավթային պատժամիջոցները չեն կարող ազդել մեզ վրա։ Նախկինում մեր նավթի 90 տոկոսը գնում էին եվրոպական երկրները։ Մինչդեռ ներկայումս նրանց բաժին է ընկնում մեր արտահանվող նավթի միայն 10 տոկոսը։ ԱՄՆ-ը մեր նավթը չի գնում վերջին 30 տարիների ընթացքում, և այդ երկիրը որևէ կերպ կապված չէ Թեհրանի Կենտրոնական բանկի հետ։ Նրանք կարծում են, թե ներազդում են մեր կյանքի վրա, սակայն դա բացարձակապես այդպես չէ»։