Սյունիքի մարզի Քաջարան գյուղի խնդրով կառավարություն էին դիմել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները։ Այսօրվա կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարեց հրավիրել պատգամավորներին, լսել նրանց և տալ համապատասխան պարզաբանումներ։
Լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ հաճելիորեն զարմացել է էներգետիկայի նախարարին ուղղված վարչապետի հանձնարարականից:
«Վարչապետի հանձնարարականի կարիքը չկար: ԱԺ կանոնակարգ-օրենքն է դա պահանջում, բայց էներգետիկայի նախարարը երևի ձգձգում էր, վարչապետը տվեց հստակ հանձնարարականը»,- ասաց Ա. Բախշյանը՝ հայտնելով, որ խմբակցության կողմից 2 օր առաջ հրապարակված նամակում նշված փաստարկները կներկայացվեն քննարկմանը: Մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենը հայտարարել է, որ իրենց այդ հողերը պետք չեն:
«Այսինքն` էլ ո՞ւմ համար պետք է շահագործվեն այդ հողերը: Կարծում եմ` այս քննարկումը որոշակի քայլեր կհուշի կառավարությանը»,- նշեց Ա. Բախշյանը:










































