ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. նոյեմբերի 10-ը։
2004 թ. ստեղծված ընկերությունն Արագածոտնի մարզի Օրգով գյուղում կառուցում է 3 ՀԷԿ-ից բաղկացած հիդրոէներգակասկադ։ Առաջին ՀԷԿ-ն արդեն շահագործվում է, երկրորդի շինաշխատանքներն ավարտված են, իսկ երրորդի շինարարությունը շարունակվում է։ Նախատեսվում է կատարել մոտ 790 մլն դրամի ներդրում և ձեռք բերել չեխական արտադրության չորս գեներատոր, որոնց արժեքն է 370.5 մլն դրամ։ Ընկերությունն ունի 20 աշխատատեղ, որոնց թիվն առաջիկա երկու տարում կկրկնապատկվի։
ԱԱՀ-ների հետաձգումների պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չբավարարեց Միջազգային էներգետիկ կորպորացիային ԱԱՀ-ի հետաձգումը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացմամբ՝ ներդրումային ծրագիրը շուրջ 2 մլրդ դրամի չափով է, նախատեսված է ՀԷԿ-երի վերազինման համար: «Այս ծրագրով աշխատատեղերը ոչ թե ավելանում են, այլ կրճատվում»,- հայտնեց Տ. Դավթյանը՝ նշելով, որ մերժումը պայմանավորված է հենց աշխատատեղերի կրճատման և ՀԷԿ-ի վերազինման հանգամանքով:
Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարվել է լրացում, որով «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ին թույլատրվել է որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող թափոնների անձնագրերի կազմման, ինչպես նաև թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի մշակման վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն, կատարել լաբորատոր հետազոտություններ և անալիզներ։
Ակնկալվում է, որ դրանով կբարելավվի ՊՈԱԿ-ի գործունեությունը, ձեռնարկատիրական հիմունքով կապահովվի վտանգավոր թափոնների վերաբերյալ ճշտված տվյալների ստացման և վերլուծական հետազոտությունների իրականացման համար պահանջվող ծախսը։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը` կառավարությունը դադարեցրել է այդ որոշումների` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքին հակասող նորմերը։









































