News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Վրաստանի և ԱՄՆ-ի նախագահների պաշտոնական հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 30-ին Սպիտակ տանը։ Իսկ մինչ այդ Սաակաշվիլին հունվարի 27-30-ը Կալիֆոռնիայում մասնակցելու է Basecamp-ի գագաթնաժողովին, որին մասնակցելու են նաև աշխարհի խոշորագույն ներդրողներն ու բիզնես-առաջատարները։
Սաակաշվիլին ելույթ է ունենալու «Բռնակալության կործանումն ու ժողովրդավարության կառուցումը. Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» ստացված դասերը» թեմայով։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ էլ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ում Սաակաշվիլին հանդիպելու է նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հետ։