Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ 2013 թվականից «Օսկարի» մրցանակակիրներին որոշելու են էլեկտրոնային քվեարկության միջոցով: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Նշվում է, որ էլեկտրոնային քվեարկության գործընթացի տեխնիկական կազմակերպմամբ զբաղվելու է Everyone Counts ընկերությունը, որը մասնագիտացած է էլեկտրոնային անվտանգության ապահովման ոլորտում: Նրա հաճախորդների թվում են ԱՄՆ պաշտպանության և Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունները:
Մինչ այժմ «Օսկարի» հավակնորդներին և դափնեկիրներին ընտրել են փոստով ուղարկվող թղթե քվեաթերթիկներով: Կինոակադեմիայի՝ ձայնի իրավունք ունեցող մոտ 6 հազար անդամների ձայների հաշվարկը իրականացնում էր PricewaterhouseCoopers ընկերությունը:
Կինոակադեմիայում նշել են, որ, չնայած էլեկտրոնային քվեարկությանը անցում կատարելուն, PricewaterhouseCoopers-ի մասնագետները շարունակելու են վերահսկել ձայների հաշվարկը:
Քվեարկությունը սովորաբար անցում է երկու փուլով: Առաջին փուլում կինոակադեմիայի անդամներին առաջարկվում է հավակնորդների ընդլայնված ցուցակը, որից հետո կազմվում և հրապարակվում է «Օսկարի» պաշտոնական կարճ ցուցակը: Երկորդ փուլում ապագա հաղթողները որոշվում են կարճ ցուցակի թեկնածուներից:
«Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2012 թվականի փետրվարի 26-ին: Հավակնորդների անունները հայտարարվել են հունվարի 24-ին: