«Հրապարակ»-ը գրում է, որ ԲՀԿ-ի Արարատի տարածքային կառույցում իրարանցումը շարունակվում է, Գագիկ Ծառուկյանը երեկ անձամբ այցելել է Արարատ՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին:
«Հրապարակ»-ը օրեր առաջ անդրադարձել էր ԲՀԿ Արարատի տարածքային կառույցից արտահոսքին:
«Նախ Արարատի փոխքաղաքապետ, կառույցի հիմնադիր Կարեն Խաչատրյանը դուրս եկավ կուսակցությունից, ապա նրան հետևեցին մի քանի հարյուր ԲՀԿ-ականներ: Երեկ մեզ տեղեկություններ հասան, որ այստեղ ուշագրավ շոու է տեղի ունեցել: ԲՀԿ-ականները, տեսախցիկներով զինված, մեկնել են Արարատի մարզ և Ծառուկյւսնին պատկանող «Արարատ-ցեմենտ» գործարանում նկարահանում արել:
Բանվոր դասակարգին կանգնեցրել են տեսախցիկի առջև և բեմադրել մի սցենար, ըստ որի՝ նրանք պետք է ներկայանային որպես կուսակցությունը լքած ԲՀԿ-ականներ, որոնք փոշմանել են և կրկին հետ վերցրել իրենց կուստոմսերը: Այս շոուից հետո երեկ, ժամը 16-ի սահմաններում Արարատ է այցելել Գագիկ Ծառուկյանը և փոշմանածներին կրկին կուստոմսեր բաժանել:
Արարողությունը տեղի է ունեցել կոնկրետ Վեդիում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանն աչքի է ընկել իրեն ոչ բնորոշ անկումային տրամադրությամբ: Մոլորյալ ԲՀԿ-ականներին «մկրտելուց» հետո նույնիսկ չի մասնակցել ֆուրշեթին, արագ վերադարձել է մայրաքաղաք: