Ինչպես հայտնել է 1news.az-ը, Ադրբեջանի «Լեռնային Ղարաբաղի համայնքը» հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբայի՝ Լեռնային Ղարաբաղ այցի առիթով:
Հայտարարության մեջ ասվում է. «Միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրախորհրդարանի ընդունած բոլոր` ԼՂ հակամարտության առնչությամբ փաստաթղթերում հաստատվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի ինքնիշխանությունը: Չնայած Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությանն աջակցությանը, այդ թվում՝ և Եվրոպական խորհրդարանի կողմից, պատգամավոր Տոմաշ Պորեբան, խախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չհամաձայնեցնելով ադրբեջանական կողմի հետ, Հայաստանից այցելել է Լեռնային Ղարաբաղ, չունենալով դրա իրավասությունը` հանդիպել անջատողական ռեժիմի ներկայացուցիչների հետ»:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ադրբեջանի «Լեռնային Ղարաբաղի համայնքը» դատապարտում է սույն դեպքը և այն գնահատում որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում: