Այսօր հրապարակված հարցազրույցում Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոն ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածուների նախագահական ընտրարշավը համարել է «հիմարության և տգիտության» ամենամեծ մրցույթը, որը երբևէ եղել է աշխարհում:
Associated Press-ը հաղորդում է, որ Կաստրոն իր մեկնաբանություններն արել է այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցության թեկնածուները Ֆլորիդայում քննարկել են, թե ինչպիսին պետք է լինի Կուբայի ճակատագիրը և անգամ քննարկել են այն, թե ինչ կկատարվի 85-ամյա հեղափոխական առաջնորդի հոգու հետ, երբ նա մահանա:
Կուբան կարևոր խնդիր է դարձել, քանի որ Ֆլորիդայում կուբացիների համայնքը մեծ դեր կարող է խաղալ ընտրություններում:
Կաստրոյի խոսքերով՝ ինքը միշտ գիտեր, որ թեկնածուները կփորձեն Կուբայի հարցը քննարկելիս առաջ անցնել միմյանցից, բայց, միևնույն է, զարմացած է քննարկումների մակարդակից: