Ֆինանսների նախարարությունը այսօր հրապարակել է 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսների բյուջեի եկամուտների ու ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.3%-ով կամ 86.3 մլրդ դրամով: Ընդ որում, 13.6%-ով (76.5 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 82.9%-ով կամ 2.7 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 19.6%-ով կամ ավելի քան 7.1 մլրդ դրամով` այլ եկամուտները: Հիշեցնենք, որ նոյեմբերի տասներկուամյա գնաճը կազմել է 9.6%, ինչը նշանակում է, որ իրականում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 4.7%-ով` ՀՆԱ 2.6% աճի պարագայում: Նմանապես` հարկային եկամուտների իրական աճը կազմել է 4%: