Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կառուցվելու է նոր գործարան, որտեղ արտադրվելու են ամերիկյան 5-րդ սերնդի F 35 (F-35 Lightning II) կործանիչների շարժիչների դետալներ։ Այն կառուցվելու է Իզմիրում և արժենալու է 60 միլիոն դոլար։
Նախնական տվյալներով, Թուրքիայում արտադրվելու են այդ կործանիչների շարժիչների մոտ 2200 տարբեր դետալներ։ Գործարանի աշխատանքն ապահովելու են 310 մասնագետներ։ Գործարանի արտադրանքի ծավալը կազմելու է 130 միլիոն դոլար։ Իզմիրի գործարանը դետալների արտադրությանը ձեռնամուխ է լինելու մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄՆ-ը համաձայնել է նվազեցնել Թուրքիային վաճառվող F-35 կործանիչների գինը։ Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել F-35 Lightning II տիպի երկու կործանիչ։
Ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորել է գնել F-35 Lightning II տիպի 100 կործանիչ, որոնց համար պետք է վճարեր 16 միլիարդ դոլար, քանի որ մեկ ինքնաթիռն արժեր 160 միլիոն դոլար։ Մինչդեռ ներկայումս ԱՄՆ-ը ինքնաթիռի ինքնարժեքը նվազեցրել է մինչև 123 միլիոն դոլար։ Դա նշանակում է, որ Թուրքիայի համար F-35 Lightning II տիպի 100 կործանիչների գնումը կարժենա մոտ 13 միլիարդ դոլար։