«Նուբարաշենի» բանտում այսօրվանից` հունվարի 25-ից, դարձյալ անժամկետ հացադուլ են հայտարարել մոտ 20 ցմահ դատապարտյալներ:
Նրանք դիմում են հղել ՀՀ նախագահին: Պահանջը մեկն է` պատժաչափերի վերանայում` անցյալ տարվա մայիսին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների հիմքով, որով որոշակի ժամկետով առավելագույնը համարվող 15 տարվա պատժաչափը դարձել է 20 տարի:
Սակայն ՀՀ Քրեակատարողական վարչությունից նշել են, որ առավոտվա տվյալներով հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները երկուսն են:
Այնինչ ցմահ դատապարտյալները նշում են, որ հացադուլի մասին դեռևս երեկ են գրավոր տեղեկացրել բանտի ադմինիստրացիային ու հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումները:
Բանն այն է, որ օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմել են դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չի ունեցել դատարաններում:
Արդյո՞ք սա նշանակում է, որ 97 -ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման: Դատախազների կողմից նշվում է, թե օրենքի փոփոխությունը խստացում է, հետևաբար չի կարող հետադարձ ուժ ունենալ:
Այնինչ հենց հիշյալ փոփոխության հիմնավորումներում գրված է. «Հաճախ դատարանները պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է և գերադասում են նշանակել ցմահ ազատազրկմում, մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը և նրա վերադարձը հասարակությունե:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը գտնում է,որ անկախ Հայաստանի դատական կենսագրության մեջ սա եզակի հնարավորություն է փոքր-ինչ նվազեցնելու ցմահ ազատազրկվածների արդեն 100-ից անցնող թիվը:
«Գործերի ու պատժաչափերի վերանայումներ չհետևեցին ոչ 2003թ. նոր Քրեական օրենսգրքի ընդունումից, ոչ ՀՀ երկրորդ նախագահի «ներման» հրամանագրից հետո, ոչ էլ 2011թ.: Սակայն օրենսգրքի վերջին փոփոխությունները հնարավորություն են տալիս, ըստ արարքի ծանրության աստիճանի, գործերի վերանայման միջոցով, որոշ դեպքերում ցմահ ազատազրկումը փոխարինել տարիների տեսքով պատժաչափերի: Անհասկանալի է մնում,թե ինչու օրենքը չի գործում»,-նշում է իրավապաշտպանը: