«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացրած վիճակագրության համաձայն, 2010 թ. Երևանում հատվել է 164 ծառ: Նրանք նաև ներկայացրին 2010 թ. կանաչ ռեսուրսների ոչնչացման վիճակագրությունը` Երևանի կանաչ տարածքների վկայականը: Նախաձեռնության անդամ Մարիամ Սուխուդյանը տեղեկացրեց, որ իրենց իրականացրած վիճակագրության մեջ ներառված չեն այն ծառերը, որոնք հատվել են դելֆինարիում կառուցելու համար:
Նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ կարևորագույն բնապահպանական խնդիր են ուսանողական այգում իրականացվող շինարարական աշխատանքները և Վիշապների այգու իրավիճակը:
Նախաձեռնության անդամ Գայանե Մելքումյանը, խոսելով Վիշապների այգու շուրջ ծագած խնդիրների մասին, նշեց, որ այժմ այնտեղ շինարարությունը դադարեցված է, սակայն խնդրին վերջնական լուծում դեռևս չի տրվել: Նա հիշեցրեց, որ Վիշապների այգում կան 4000-ամյա վիշապաքարեր, որոնց գոյությունը վտանգված է: Գայանեն նաև ասաց, որ իրենք բաց նամակ են հղել Երևանի նորընտիր քաղաքապետին, որպեսզի համաձայնի հանդիպել իրենց հետ, և միասին քննարկեն քաղաքի կանաչ տարածքների պահպանության հարցը. «Հուսով ենք, որ այս քաղաքապետի հետ մեր համագործակցությունը կստացվի»:
Նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանն էլ նկատեց, որ, բացի բնապահպանականից, այստեղ կա նաև սոցիալական խնդիր. «Հանրային նշանակության տարածքները վերցվում են իրենց իսկական տերերից և ծառայում այլ նպատակների: Մեր նախաձեռնության նպատակն է խթանել քաղաքացիական պահանջատիրության գաղափարը»:
Արթուրը նաև նշեց, թե իրենց նախաձեռնությունը երբեմն քաղաքականացվում է, քանզի շատերի համար անընդունելի է, որ մարդիկ աշխատում են պարզապես լավ գործ անելու համար: