Ոստիկանության նոր պարեկային ծառայություն ձեւավորելու ծրագիրը դեռ մշակման փուլում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ խոսքը որակական և գործառնական առումով նոր պարեկային ծառայության մասին է: Ա. Ահարոնյանի խոսքով` ծրագրի ավարտին նոր կպարզվի, թե որ ծառայությունները կմիավորվեն կամ կլուծարվեն:
«Ծառայությունների կրկնությունը կբացառվի, իսկ նոր պարեկային ծառայության մեջ կներգրավվեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, հատկապես արտաքին ծառայություն իրականացնողները»,- ասաց Աշոտ Ահարոնյանը: Ըստ նրա, մասնավորապես, խոսքը ներկայիս պարեկապահակային ծառայության, ճանապարհային ոստիկանության, պահակային ծառայության մասին է:
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեռեւս անցած տարվա ամռանը լրագրողներին ասել է, որ ճանապարհային ոստիկանությունը մինչեւ 2011-ի ավարտը լուծարվելու և ընդգրկվելու է նոր պարեկային ծառայության կազմում: Սակայն, ժամանակն անցավ եւ առայժմ, որ նոր պարեկային ծառայությունն է ի հայտ գալիս, իսկ ՃՈ-ն էլ շարունակում է նախկինի պես գործել: