News Georgia-ի փոխանցմամբ՝ հունվարի 30-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնական այցով ժամանելու է ԱՄՆ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն։
Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ում Սաակաշվիլին հանդիպումներ է ունենալու նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հետ.
«Դա չի լինի Սաակաշվիլիի ու Օբամայի առաջին հանդիպումը։ Նրանք նախկինում էլ են հանդիպել։ Սակայն սա կլինի առաջին պաշտոնական հանդիպումը Սպիտակ տանը։ Հանդիպման ժամանակ Սաակաշվիլին արծարծելու է Վրաստանի ու ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հարցը, երկու երկրների միջև կնքված խարտիայի հետ կապված հարցերը, ժողովրդավարական բարեփոխումները, մի շարք ոլորտներում (տնտեսություն, առևտուր, մշակույթ) համագործակցության ուժեղացումը, երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը»։
Մանջգալաձեն ընդգծել է, որ Վրաստանի անկախության 20 տարիների ընթացքում ԱՄՆ աջակցությունը վճռորոշ նշանակություն է ունեցել։
Հիշեցնենք, որ ավելի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի թիմը հայտարարել էր, թե հանդիպման ժամանակ Օբաման Սաակաշվիլիից պահանջելու է աշնանն անցկացնել արդար խորհրդարանական ընտրություններ։