«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` «Ֆրանսիայի Սենատը քննարկեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. որոշումը կայացված է» թեմայի շրջանակներում:
Արդյոք երեկվա որոշումը Ցեղասպանությունը հերքողներին կկանգնեցնի՞, հարցին ի պատասխան` Կիրո Մանոյանը նկատեց, որ որոշ մարդկանց այն, իհարկե, հետ կպահի, սակայն ակադեմիական ոճով հանդես եկողները դժվարությամբ հետ կկանգնեն Ցեղասպանությունը ժխտելուց:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորություններին անդրադառնալով` դաշնակցական գործիչը նկատեց, որ այդ գործընթացը սառեցված է. «Թուրքիան կարծես թե այնքան էլ շահագրգռված չէ: Երեկվա որոշման անմիջական ազդեցությունը չեմ տեսնում Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության վրա, սակայն որոշակի գործոն կա»:
Հայաստանի դիվանագիտությունը երբեք էլ պահանջատեր չի եղել, բայց վերջին երկու տարիներին պահանջատիրական հայտարարություններ եղան առավել, քան երբևէ, նկատեց դաշնակցական գործիչը` մատնանշելով թե Սերժ Սարգսյանի ելույթները, թե կազմակերպված միջոցառումները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Սոչիում երեկվա եռակողմ հանդիպմանն անդրադառնալով` Կ. Մանոյանը նկատեց, որ հանդիպումը առավելապես պատերազմը բացառելուն էր ուղղված, և համատեղ հայտարարության մեջ շփման գծում մոնիթորինգ իրականացնելու, ստուգելու վերաբերյալ ասվածը հենց այդ մասին է վկայում: