«Հրապարակ» թերթը գրում է, որ Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ Տիգրան Հակոբյանն արդեն տասը օր է՝ կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել «վատնում կամ յուրացում» հոդվածով: Նա թեև վերջին շրջանում առանձնապես ակտիվ չէր, սակայն համարվում է նախկին իշխանության ներկայացուցիչ և Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած անձնավորություն:
Հեռուստառադիոպետվարչության նախկին ղեկավար, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը հունվարի 14-ից կալանքի տակ է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածով: Հոդվածը կոչվում է «Յուրացնելը կամ մսխելը»:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ խոսք է գնում առանձնապես խոշոր չափերի գումարի մասին: Մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, որն այժմ հետապխուզման մեջ է:
Քանի որ նախաքննություն է գնում, քննիչներն ամեն գնով պահպանում են քննության գաղտնիությունը: Որքանով հաջողվել է թերթին պարզել, խոսքը տարիներ առաջ ծավալած բիզնեսի մասին է. Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը Լոռու մարզում գյուղատնտեսական և անասնապահական գործունեություն են ծավալել՝ ֆերմա են ստեղծել, իսկ ռուսաստանաբնակ գործարարներից մեկը՝ Գոռ անունով, ֆինանսավորել էր այն:
Բիզնեսն անհաջող ընթացք է ունեցել և ի վերջո գործարարը դիմել է դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով 500 հազար դոլարից ավելի յուրացման կամ մսխման մասին: Ընդ որում՝ Տիգրան Հակոբյանին մեղսագրվող գումարը նշվածի 10 տոկոսից պակաս մասն է, մնացած գումարը մեղսագրվում է Վահան Մուսինյանին, սակայն ՍՊԸ տնօրենը եղել է Հակոբյանը: Թերթի տեղեկություններով՝ Տիգրան Հակոբյանի մտերիմները ամեն ինչ անում են նրան կալանքից ազատելու համար և պատրաստ են անգամ նրան մեղսագրվող գումարը վերականգնել:
Ի դեպ, Տիգրան Հակոբյանն անցած տարեվերջին նշանակվել էր «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի տնօրեն, որը կազմավորվել էր Ծաղկունքի դպրոցի հիման վրա, կառավարության որոշմամբ, դրամաշնորհային ծրագրի արդյունքում: