«Ժողովուրդ»-ը գրում է, որ շաբաթ օրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի էր դիմել ձերբակալված Էդմոնդ Ծատուրյանը:
«Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդել են. «Դատական կարգադրիչները ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ, 214-րդ հոդվածներով սահմանված կարգով կալանավորված, ինչպես նաև ձերբակալված անձանց իրենց հսկողության տակ պահելու և որևէ տեղ ուղեկցելու լիազորություն չունեն: Դատարանի վարչական տարածքում կալանավորված կամ ձերբակալված անձանց ուղեկցման համար պատասխանատու են համապատասխան ուղեկցող ստորաբաժանումները»,- ապա թերթը հավելում է.
«Այսինքն` կալանավորվածներին դատարաններում ուղեկցում են ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները, որոնք փաստացի փախցրել են ձերբակալված ամբաստանյալին»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ոստիկանությունն ինչ է մտածում այս կապակցությամբ, ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանել է. «Նշված միջադեպով ծառայողական քննություն է կատարվում»: