Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ առանց հիմնավորման օրերս աշխատանքից ազատվել են ՀԷՑ ՓԲԸ Եղվարդի մասնաճյուղի աշխատակից Ժիրայր Սողոմոնյանն ու Հրազդանի մասնաճյուղի իրացման բաժնի պետ Աշոտ Ասրյանը:
«Ընդ որում՝ նրանց աշխատանքից ազատել են առանց որևէ մեկնաբանության՝ միայն ասելով. «Վաղվանից աշխատանքի չգաս, ազատված ես»: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում գործատուն պարտավորվում է աշխատանքից ազատելուց երկու ամիս առաջ այդ մասին զգուշացնել աշխատակցին»,- գրում է թերթը և հավելում.
«Մեր տվյալներով՝ նրանց աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով, քանի որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցներն են»:
ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը, սակայն, հերքել է Սողոմոնյանին և Ասրյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը՝ ասելով. «Նրանք ազատված չեն»: