Human Rights Watch-ի զեկույցը հեղինակավոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը`գնահատելով Human Rights Watch հասարակական կազմակերպության հերթական տարեկան զեկույցը, որը հրապարակվեց այս կիրակի:
Նա նշեց, որ միակ կազմակերպությունը, ում զեկույցը կարող է բարձր գնահատել՝ Human Rights Watch-ն է: «Սա այն միջազգային կազմակերպություններից մեկն է, որը մշտապես ճիշտ գնահատականներ է տալիս երևույթների վերաբերյալ տարբեր երկրներում»,- նշեց իրավապաշտպանը`հավելելով, որ Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարվում են, և չկան ոլորտներ, որտեղ մարդը պաշտպանված է:
Հիշեցնենք՝ զեկույցում նշված է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար: Փաստաթղթում կազմակերպությունն արձանագրում է, որ 2011 թ. ընթացքում պաշտոնական Երևանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան տասը սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է հավաքների ազատությունը և բավարար քայլեր չի կատարել՝ բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար։