Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կից Հանրային խորհրդի մասնագետ Իգոր Կորոտչենկոն նշել է, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև պատերազմական գործողություններն իրատեսական չեն: Ի տարբերություն նրա՝ Վրաստանի մասնագետները 2012 թվականին կանխատեսում են այս պատերազմը:
Ինչպես գրում է regnum.ru-ն, կովկասագետ Մամուկա Արշիձեն գտնում է, որ պատերազմական գործողությունների դեպքում Վրաստանը կհայտնվի ծանր կացության մեջ: Վրաստանը հատկապես մտահոգված է, թե Ռուսաստանը այդ պատերազմի ժամանակ ինչ որոշումներ կկայացնի:
Ներկայումս ռուսական ռազմական ուժերը գրեթե պատրաստ են իրենց միջամտությունը ցուցաբերել Իրանում: Կասպից ծովի նավատորմը մոբիլիզացվել է և պատրաստ է պաշտպանել ծովի այն հատվածը, որը պատկանում է Իրանին:
Ռուսաստանը պատերազմի ժամանակ կցանկանա իր ուժը ցույց տալ Անդրկովկասում և Գյումրիում տեղակայված ռազմաբազայի հետ անընդմեջ կապի ապահովման համար և հնարավոր է՝ իրականացնի ցամաքային ռազմական գործողություններ:
Բացի այդ, սեպտեմբերին պլանավորվում է անցկացնել «Կովկաս 2012» անվանումով ցամաքային զինավարժությունները: Իսկ տարածաշրջանի 149-րդ ու 153-րդ ռուսական բանակները պետք է լիակատար պատրաստ լինեն: Նշենք նաև, որ Գյումրիում տեղակայված ռուսական բազայից որոշ զինվորականներ ու սպաների ընտանիքի անդամները հեռացվել են աշխատանքից:
Վրացի մասնագետի կարծիքով՝ ռուսները կցանկանան ստեղծել միջանցք, որը կձգվի Հարավային Օսեթիայից Բորժոմի միջով դեպի Ջավախք ու կհասնի մինչև Գյումրի: