Այսօր խորհրդարանում հաշվետվություններ ներկայացրին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները: Կրթության և գիտության հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել «Ժառանգություն» խմբակցության առաջարկը Սերժ Սարգսյանին` վետո դնել Լեզվի և Հանրակրթության մասին օրենքների վրա: Դավթյանը հայտարարեց, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, իսկ վետոն Սերժ Սարգսյանի իրավունքն է: «Իսկ թե Սերժ Սարգսյանն ինչպես կվարվի, ականատես կլինենք մի քանի օր հետո»,- հայտարարեց նա։ Արտակ Դավթյանը նաև տեղեկացրեց, որ իրենց հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած օրինագծերից 31-ը ԱԺ օրակարգում են, 20-ը դեռ քննարկվում են հանձնաժողովում: Բացի այդ, Կրթության և գիտության հանձնաժողովը 2010թ. ընթացքում 74 նամակ-բողոք է ստացել քաղաքացիներից: Դրանցից 47-ը վերաբերում են կրթությանը, 7-ը` մշակույթին: Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ իրենք այս տարվա ընթացքում կազմակերպել են 5 լսում՝ ավագ դպրոցների, Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի, Լեզվի և Հանրակրթության մասին օրենքի, Գրադարանային գործի, ԳԱԱ-ի մասին: Իսկ հանձնաժողովի աշխատանքը Արտակ Դավթյանը գնահատեց բավարար: