Եթե Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տարիներ շարունակ Հայաստանին դասում է մասամբ ազատ երկրների շարքին, և եթե ոչինչ չի փոխվում, իշխանությունները երևի պետք է քայլեր ձեռնարկեին, բայց չեն ձեռնարկում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«Իշխանությունները երևի պետք է մի բան անեին, բայց առաջ է գալիս քաղաքական կամքի խնդիրը: Պետք է քաղաքական կամք լինի»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունների հանգստությունը պայմանավորված է անպատժելի մնալու մտայնությամբ, Վարուժան Հոկտանյանն ասաց. «Միգուցե այո: Մնացած դեպքերում իշխանությունների գործն է՝ հաշվի կառնե՞ն իրավապաշտպան կազմակերպության գնահատականները, թե՞ ոչ: Միաժամանակ, պետք չէ ակնկալել, որ այս գնահատականներին անպայման ինչ-որ խնդիրներ կհաջորդեն: Խնդիրն այն է, որ զեկույցներ պատրաստող կազմակերպությունները ոչ կառավարական կազմակերպություններ են և որևէ ֆինանսական, տեխնիկական կամ մեկ այլ տեսակի օգնություն մեր կառավարությանը չեն տրամադրում: Այս կազմակերպությունների զեկույցները կարող են օգտագործվել կամ չօգտագործվել դոնոր կազմակերպությունների կողմից: Նույն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցման ինդիկատորներից հիմնական նշվել էր հենց Freedom House զեկույցներում Հայաստանին տրված գնահատականը»,- հիշեցրեց Հոկտանյանը, հավելելով, որ հենց այդ ցուցանիշները հիմք ծառայեցին, որպեսզի ծրագիրը Հայաստանում դադարեցվի:
Հիշեցնենք, որ արդեն 10-րդ անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանը դասում է մասամբ ազատ երկրների շարքին: