Ամանորից առաջ կրկին բարձրացել են ձվի գները: Վերջերս «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը խոստացել էր, թե Ամանորի նախօրեին ձուն չի թանկանա, սակայն հակառակը եղավ։ Այժմ ձուն նախկին 50-55 դրամի փոխարեն վաճառվում է 65-75 դրամով: Ընդ որում` օրինակ, «Երևան-Սիթի» սուպերմարկետը թույլ չի տալիս 20 հատից ավելի ձու գնել: Իսկ շատ խանութներում ձու դժվար է ճարվում:
Մեկնաբանությունների համար դիմեցինք Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատեր, «Մաք-Գրուպ» ընկերության ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանին: Վերջինս, սակայն, հրաժարվեց մեկնաբանել կատարվածը: Նա փոխանցեց թռչնաֆաբրիկայի տնօրենի հեռախոսահամարը` ասելով, որ տնօրենը կմեկնաբանի: «Տնօրեն ունեմ, թող ինքը մեկնաբանի»,- ասաց Մանուկյանը: Սակայն թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հարցերին:
Ի դեպ, ուշագրավն այն է, որ իր վերջին ելույթում Սերժ Սարգսյանը քննադատել էր «որոշ գործարարների»: «Միևնույն ժամանակ, գիտենք նաև մեր որոշ գործարարների՝ փոփոխվող իրավիճակներում գների արհեստական բարձրացմամբ մի քանի դրամ ավելի շահույթ կորզելու անընդունելի գործելաոճի մասին»,- ասել էր նա: