Մեր տեղեկություններով, վերջերս բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Էջմիածնում տեղակայված զորամասերից մեկում: Մոտ տասը օր առաջ Ռազմական ոստիկանության մի քանի աշխատակիցներ մտել են Էջմիածնում տեղակայված զորամասերից մեկը, հրահանգել են զորամասի հրամանատարին շարել զորքը և սկսել են հաշվառում անել: Այնուհետև ողջ զորքի աչքի առաջ ՌՈ աշխատակիցներից հայհոյել է զինծառայողներից մեկին, ով էլ պատասխանել է հայհոյողին: ՌՈ աշխատակիցը շարունակել է ավելի գռեհիկ տոնով հայհոյանքներ տեղալ, ինչին ևս զինվորը պատասխանել է: Սա թերևս հանդգնություն է թվացել ՌՈ աշխատակցին, ով ողջ զորքի առաջ հարվածել է զինվորին: Սրանից հետո տեղի է ունեցել անսպասելին. հավաքված ողջ զորքը, մոտ երեք հարյուր զինվորներ, հարձակվել են ՌՈ աշխատակիցների վրա և սկսել ծեծի ենթարկել նրանց: Միջադեպից հետո, մեր տեղեկություններով, ՊՆ ղեկավարությունը տույժի է ենթարկել զորամասի հրամանատարին, իսկ ՌՈ այդ աշխատակիցներին էլ պետք է ազատեին աշխատանքից: Հայտնի չէ, սակայն, արդյո՞ք ի վերջո նրանք ազատվել են աշխատանքից, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով, չնայած պատասխան այս միջոցառումներին, ՊՆ ղեկավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի միջադեպը հնարավորինս թաքուն պահվի. բնականաբար, միջադեպի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: