Հայ փախստականների խնդիրն օրակարգում չէ եւ այն չի քննարկվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` խոսելով Բաքվի ջարդերից Հայաստան փախածների խնդիրների մասին:
Բանախոսի համոզմամբ` հայ-ադրբեջանական բանակցային սեղանին պետք է դրվի փախստականների հարցը: «Այս ընթացքում շրջանառվում է ադրբեջանցի փախստականների խնդիրը, իսկ հայ փախստականների հարցը օրակարգում չէ: Վերջիններս իրենք են միավորվել և որոշ առաջարկություններ են անում միջազգային հանրությանը: Նրանք բոլորը Մինսկի խմբի հետ են կապում իրենց խնդրի լուծումը: Փախստականները գիտակցում են, որ ի վիճակի չեն այլևս Բաքվում, Սումգայիթում ապրել, քանի որ նրանց նկատմամբ թշնամություն է սերմանվել»,- մեկնաբանեց ազգագրագետը` հավելելով, որ եթե խնդիրը չլուծվի, նրանք կլուծեն այն, քանի որ իրենք միավորված են:
Ըստ ազգագրագետի` անհրաժեշտ է, որ Բաքվից բռնի տեղահանված փախստականներն իրավունք ստանան վերադառնալու իրենց բնակավայրերը: Հակառակ դեպքում, ուրեմն, միջազգային կազմակերպությունները մի քանի խնդիր են լուծում:
Անդրադառնալով փախստականների ինտեգրման խնդիրներին` Հ. Խառատյանն ասաց` գյուղաբնակներն արդեն ինտեգրված են, իսկ քաղաքաբնակները` դեռևս ոչ: