Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր Տավուշի մարզի ստուգումների արդյունքները որակեց դրական երևույթ՝ պարզաբանելով, թե սա բացառիկ դեպք է, երբ արձանագրված խախտումների 70 տոկոսը վերականգնվել է մինչև Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը: «Ես կարծում եմ, որ այս երեք տարիների աշխատանքի ընթացքում սա ամենադրական երևույթներից մեկն է, ինչո՞ւ ամենադրական՝ որովհետև մինչև հիմա դեռ չի արձանագրվել նման դեպք, երբ մինչև Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը վերականգնվել է արձանագրված խախտումների մինչև 70 տոկոսը»,- ընդգծեց Իշխան Զաքարյանը: Մյուս 30 տոկոսի վերականգնման համար նա վերջնաժամկետ նշանակեց մարտի 30-ը, իսկ սոցիալականի մասով` սեպտեմբերի 1-ը: Ի դեպ, Իշխան Զաքարյանը լրագրողների այն հարցին, թե արձանագրված խախտումների մասով դատախազությանը զեկուցելո՞ւ են, պատասխանեց՝ ո՛չ, քանի որ դա Վերահսկիչ պալատի իրավասության մեջ չի մտնում: