ԱՄՆ հյուսիսարևմտյան Վաշինգտոն նահանգում ձյունամրրիկի պատճառով հունվարի 19-ին դադարեցվել են Սիեթլ-Տակոմա Միջազգային օդանավակայանի աշխատանքները։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, օդանավակայանի բոլոր 3 թռիչքուղիները պատված են սառույցով: Օդանավակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք իրենց տրամադրության տակ բավարար չափով հակասառույցային հեղուկ ունեն, սակայն թռիչքնեը կվերականգնվեն՝ միայն երբ եղանակը տաքանա:
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ հունվարի 19-ի առավոտյան Սիեթլ-Տակոմա շրջանում տեղացել է 16 սմ ձյուն, ինչը ռեկորդային է համարվում տարվա այս օրերի համար:
Վատ եղանակի պատճառով առանց էլեկտրականության են մնացել Տակոմայի և հարավային 3 շրջանների ավելի քան 90 հազար բնակիչներ: Խաթարումներ են առաջացել երթևեկության մեջ: Սիեթլում տապալված ծառերն փակել են առնվազն 3 դաշնային մայրուղիներ: Որոշ դպրոցներում պարապմունքները դադարեցվել են: