Today’s Zaman-ն ամփոփել է 2010 թ. հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում և փորձել կանխատեսումներ անել հաջորդ տարվա համար, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
Թերթի վերլուծաբանն այդ հարցը դիտարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, անդրադարձել է Իրանի և Իսրայելի գործոններին, դրանց բացասական ազդեցությանը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, ապա քննել է հայ-թուրքական հարաբերությունները:
Բացի Իրանից և Իսրայելից, երրորդ գործոնը, որ ազդել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, հայ-թուրքական արձանագրությունների՝ Թուրքիայի կողմից չվավերացնելն է: Հայկական գործոնը կրկին երկկողմ հարաբերությունների օրակարգ դուրս եկավ անցած շաբաթ, երբ Կոնգերսը պատրաստվում էր քվեարկել «հայկական» բանաձևը:
Շատերը Վաշինգտոնում մեղադրում են Անկարային արձանագրությունների նկատմամբ հստակ տեսլական և դրանք վավերացնելու քաջություն չունենալու մեջ, արձանագրություններ, որոնք կնորմալացնեին հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքիայի քննադատները հայտարարում են, որ, դրա փոխարեն, Անկարան բանաձևերը կապեց Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության հետ և չկարողացավ համոզել Ադրբեջանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առավելությունների հարցում:
Սակայն ամեն ինչ այնքան էլ վատ չէ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Իրականում Թուրքիան բավականին կառուցողական դիրքորոշում որդեգրեց ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաև օգնեց Իսրայելին անտառային հրդեհների ժամանակ, ինչը թույլ տվեց Օբամայի վարչակազմին կրկին խոսել Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների քաղաքականության մասին:
2010 թ. ավարտվում է, ուստի փորձենք կանխատեսումներ անել հաջորդ տարվա համար: Քանի որ Թուրքիան գտնվում է նախընտրական շրջանում (2011 թ. հունիսին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ.- 1in.am), ապա դժվար է ասել, թե հայ-թուրքական հարաբերություններում դրամատիկ փոփոխություներ կլինեն մինչև 2011 թ. կեսը: Սպասելիքներ կարող են լինել 2011թ. երկրորդ կեսին, երբ կարձանագրվի Էրդողանի հերթական հաղթանակը, ինչի մասին խոսում են բոլոր կանխատեսումները: Թուրք-ամերիկյան հարաբերությունները շեշտակիորեն կլավանան, եթե հետընտրական շրջանում Էրդողանի կառավարությունը վավերացնի Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները և դեմքը փրկելու համար բարելավի հարաբերությունները Իսրայելի հետ: Իսկ Իրանին զսպելու թուրքական նոր ռազմավարությունը «սերուցք կավելացնի թխվածքին»:
Քանի որ Վաշինգտոնը մտահոգված է, Էրդողանի կառավարության կողմից Հայաստանի, Իսրայելի, Իրանի ճակատներում ընտրություններից հետո քաղաքական կապիտալի օգտագործումը ամենաճիշտ որոշումը կլինի: Սակայն սա կարող է լինել «ցանկալին իրականի տեղ» ներկայացնելու միտում: Սակայն լավատես լինելն ավելի լավ է…
Օմեր Թաշփինար, Zaman-ի սյունակագիր