Ադրբեջանում «արաբական գարնան» սցենարի հիմքեր կան, սակայն նման սցենարի իրականացման համար բավական լուրջ խոչընդոտ, զսպիչ ուժ է ադրբեջանական քաղաքական կառույցների չկայացվածությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Վերջին տարիների ընթացքում քաղաքական հիմքերի վրա տեղի ունեցող ցանկացած հանրահավաք Ադրբեջանում հավաքում է հազիվ 50-1000 մարդ: Քաղաքական ընդդիմությունն այդ երկրում երբեք բացահայտ հանդես չի եկել: Սա պարզ, մարդկային վախի արդյունք է, վախ` սեփական անձի և ընտանիքի անդամների համար: Ընդդիմություն, որպես այդպիսին, Ադրբեջանում կարող են լինել միայն իսլամիստները»,- նկատեց քաղաքագետը:
Անդրադառնալով Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների վիճակին և նրանց կողմից հնարավոր խռովության բարձրացման թեմային` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ այդ մարդիկ խիստ վատ պայմաններում են ապրում: «Լեզգիները, թալիշները գրեթե նույն վիճակում են, ինչ որ Արցախի հայերը` խորհրդային տարիներին: Թվում է` այս իրավիճակը պետք է զայրույթի ալիք բարձրացներ նրանց շրջանում, սակայն նրանք հազիվ թե կարողանան խռովություն բարձրացնել ադրբեջանցիների թիկունքում»:
Ամփոփելով` քաղաքագետը նշեց, որ Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը շատ փոքր է, և առավել հավանական են կետային հարվածները: «Բայց եթե նույնիսկ համարենք, որ Իրանի դեմ պատերազմը կիրականանա, ապա Ադրբեջանն անգամ այդ պարագայում չի կարող պատերազմական գործընթացներ սկսել»: