Բիլ Քլինթոնի վարչակազմը մի քանի ամիս շարունակ թաքցրել է այն փաստը, որ կորցրել է «միջուկային ճամպրուկի» գաղտնաբառը, որի միջոցով տեղի է ունենում երկրի միջուկային զենքի կառավարումը: Այս մասին փոխանցում է CNN-ը: Հեռուստաալիքի փոխանցմամբ, սա բացահայտվել է այն ժամանակ, երբ դրա մասին իր հուշերում գրել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Հյու Շելթոնը:
Այդ գաղտնաբառերը մշտապես գտնվում են նախագահի օգնականներից մեկի մոտ: 2000 թվականին այդ գաղտնաբառերի ստուգման ժամանակ օգնականը հայտնել է, որ դրանք գտնվում են նախագահի մոտ, որն էլ ստուգման պահին իբր կարեւոր խորհրդակցության է մասնակցում, հետեւաբար` անհնար է դրանք ստուգել, բայց դրանց հետ կապված` ամեն ինչ կարգին է: Եվ երբ եկել է այդ գաղտնաբառերի փոփոխության ժամանակը, Քլինթոնի օգնականը խոստովանել է, որ կորցրել է դրանք: Շելթոնի խոսքերով, Քլինթոնը հավանաբար չի էլ իմացել դրա կորստի մասին: Հենց որ իմացվել է կորստի մասին , գաղտնաբառերը փոխվել են: Թե ինչ է պատահել օգնականի հետ, Շելթոնը չի նշում: