РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպել է ռուսական ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների հետ։ Հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին անհանգստացնում է Վրաստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տարրերի տեղակայման հնարավորությունը.
«Օրակարգում է ՀՀՊ-ի խնդիրը։ Մենք չենք կարող անտարբերություն ցուցաբերել, թե որտեղ կտեղակայվի ՀՀՊ համակարգը՝ մեր սահմանների մոտ, թե հեռու։ Վերջիվերջո, մենք չենք կարող անտարբեր գտնվել, եթե այդ համակարգը տեղակայվի Վրաստանում։ Եթե դա տեղի ունենա, ապա Ռուսաստանը ստիպված կլինի իր հարվածային համակարգերն ուղղել այդ օբյեկտների դեմ»։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է վրաց հասարակության հետ ելք գտնել, եթե, իհարկե, նա ցանկանա երկխոսել իրենց հետ։ Ըստ Պուտինի՝ վրացական ընդդիմությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի մի խումբ ամերիկացի հանրապետական սենատորներ նամակ էին հղել Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսին՝ առաջարկելով ՀՀՊ-ի համակարգը տեղակայել հենց Վրաստանում և ոչ թե Թուրքիայում, ինչպես պլանավորվել էր ավելի վաղ։ Սակայն հունվարի 1-ին այդ համակարգն արդեն իսկ տեղակայվել է Թուրքիայի տարածքում։