Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինի հետ:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման հնարավոր ճանապարհները: Այս մասին գրում է ադրբեջանական APA թերթը:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը: Հանդիպման ժամանակ Ադրբեջանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իրականացնել օկուպացիոն քաղաքականություն, ինչի հետևանքով դեռևս մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ չեն կարող վերադառնալ իրենց հայրենի տարածքներ:
Նախարարը նշել է, որ խաղաղ բանակցությունների գործընթացի ձգձգումը կարող է հանգեցնել պատերազմի, այդ պատճառով Մինսկի խմբի գործունեությունը պետք է լինի ավելի ակտիվ ու արդյունավետ:
Ամերիկյան կողմը խոստացել է, որ այս տարում առավել ուշադրություն կդարձնեն խնդրի լուծման վրա, և որ իրենք կողմնակից են, որ հարցի լուծման ժամանակ պահպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Նշենք, որ զրույցի ժամանակ ԱՄՆ–ի ներկայացուցիչն ասել է, որ ընդունում է այն հանգամանքը, որ ադրբեջանական տարածքներն օկուպացված են: