Եթովպիայի պաշտոնյան այսօր հայտնել է, որ երկրի հյուսիսում հարձակում է տեղի ունեցել եվրոպացի զբոսաշրջիկների խմբի վրա, որի հետևանքով նրանցից հինգը մահացել են, երկուսը` առևանգվել, իսկ ևս երկուսը՝ վիրավորվել:
Associated Press-ը հաղորդում է, որ Եթովպիան այս հարձակումն անվանել է «բաց ահաբեկչական գործողություն» և հայտնել է, որ երեքշաբթի օրը զբոսաշրջիկների վրա հարձակում գործած զինված մարդիկ եկել են հարևան Էրիթրեայից։ Էրիթրեան հերքում է այս հայտարարությունը։
Զբոսաշրջիկների խմբի մեջ եղել են ավստրիացիներ, գերմանացիներ, հունգարացիներ, իտալացիներ: Այս մասին հայտնել է Եթովպիայի հաղորդակցությունների նախարար Բերեքեթ Սիմոնը:
5 սպանվածներից երկուսը եղել են Գերմանիայից, երկուսը` Հունգարիայից, մեկը` Ավստրիայից: Երկու այլ գերմանացիների առևանգել են:
Ավստրիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները հաստատել են իրենց քաղաքացիների սպանության լուրերը: