Թուրքիան մտադիր է հաշտվել Իսրայելի հետ,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է Trend-ը:
«Մենք հանդես ենք գալիս բոլոր երկրների հետ խաղաղության օգտին: Ինչո՞ւ պետք է վատ հարաբերություններ ցանկանանք երկրի հետ, որին առաջարկում ենք միջնորդություն»,- ասել է Դավութօղլուն: Սակայն, նրա խոսքերով, կան բարդություններ` կապված Իսրայելի կողմից հաշտվելու համար կամք դրսևորելու հետ:
«Մենք կամք ունենք, բայց հակառակ կողմի համար շատ բարդ է ձևավորել այդ կամքը: Հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու որոշումը զբաղեցրել է երկու րոպե: Եթե Իսրայելից պահանջվեր նման որոշում Թուրքիայի վերաբերյալ, իսրայելական կառավարական կոալիցիայի անդամների միջև կառաջանային վեճեր, դրանք կթափանցեին մամուլ, և ոչինչ չէր ստացվի»,- ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ սրվեցին մայիսի 31-ին իսրայելական զինվորականների կողմից «Ազատության նավատորմի» վրա հարձակում գործելուց հետո: