«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ֆրանսիական Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը այսօր 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը։
Փարիզից Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, ռադիոկայանի թղթակցին փոխանցել է, որ հանձնաժողովականներից շատերը հայտարարել են, թե հարցը պատմական է, և կարիք չկա այն քննարկել օրենսդիր մարմնում ու քաղաքական ատյաններում։
Չնայած հանձնաժողովի մերժմանը, օրինագիծը երկուշաբթի քննարկման կդրվի Սենատի լիագումար նիստում։ Սակայն մինչ բուն օրինագծի քննարկումը սենատորները նախ պետք է քննարկեն հանձնաժողովի կայացրած որոշումը և քվեարկեն՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ: Ապա, եթե Սենատը գտնի, որ այդուամենայնիվ օրինագիծը Սահմանադրությանը չի հակասում, քվեարկության կդրվի բուն փաստաթուղթը: