Համաշխարհային բանկը կտրուկ նվազեցրել է տնտեսական կանխատեսումները` նախազգուշացնելով, որ զարգացող երկրները պետք է պատրաստ լինեն աճի տեմպերի դանդաղեցմանը, որը պայմանավորված է Եվրոպայի պարտքային խնդիրներով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Եվրոպայում կարծես թե սկսվել է անկում, իսկ որոշ զարգացող խոշոր երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան, Հարավային Աֆրիկա և Թուրքիա) աճը դանդաղել է»,- հայտնել է բանկը` թարմացնլով հունիսյան կանխատեսումները:
Սպասվում է, որ համաշխարհային տնտեսությունը 2012 թվականին աճելու է 2.5 տոսոկով, իսկ 2013 թվականին` 3.1-ով, ինչը զգալիորեն ցածր է բանկի` հունիսին կատարած կանխատեսումից:
Զարգացած հարուստ երկրների համեմատ՝ զարգացող երկրների ՀՆԱ-ն նախկինի պես ավելի արագ է աճելու, սակայն Համաշխարհային բանկը նվազեցրել է կանխատեսումները նաև այս երկրների համար՝ կանխատեսելով, որ նրանց տնտեսությունը 2012 թվականին աճելու է 5.4 տոկոսով, իսկ 2013 թվականին` 6 տոկոսով: Ավելի վաղ բանկը զարգացող երկրների համար կանխատեսում էր 6.2 և 6.3 տոկոս աճ՝ համապատասխանաբար:
Համաշխարհային բանկը տեսնում նաև ճգնաժամի խորացման վտանգը: «Եվրոպայում անկումը և զարգացող երկրներում աճի թուլացումը բարձրացնում է ռիսկը, որ այդ երկու երևույթները ամրապնդելու են մեկմեկու` հանգեցնելով ավելի վատ արդյունքների»:
Բանկը նաև մատնանշել է այս պահին Ճապոնիայում և ԱՄՆ-ում բարձր հարկերի և դեֆիցիտի խնդիրները լուծելու անկարողունակությունը, ինչպես նաև այլ կայացած երկրներում դանդաղ աճը և նախազգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել անսպասելի ցնցումների:
Բացի այդ, քաղաքական լարվածությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում կարող է խախտել նավթի մատակարարման կայունությունը և ևս մեկ հարված հասցնել համաշխարհային տնտեսության վերականգնմանը: Բանկը նաև հայտնել է, որ, չնայած Եվրոպան փնտրում է պարտքային խնդիրները լուծելու երկարաժամկետ միջոցներ, շուկաները դեռ անկայուն են: